Գառնի

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1954 թ.: Տ. Մարությանի «Արարատյան դաշտի գյուղերը» անտիպ հոդվածում կարդում ենք. «Տարիներ առաջ «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի կոլեկտիվը, որ շեֆական կապի մեջ էր Կոտայքի շրջանի Գառնի գյուղի հետ, ճարտարապետական բաժնի միջոցով, հասարակական կարգով կազմեց նրա հատակագիծը, որի հիման վրա ամբողջությամբ կառուցապատվեց այն, դառնալով ժամանակակից, բարեկարգ, լուսավոր, այգեստան-բնակավայր: Ամեն կարգի տուրիստներ Գառնիի հուշարձանը այցելելիս, անցնում են փողոցներով, ականատես նրա մաքուր, կանաչավետ իրավիճակին: Պետք է ափսոսալ միայն, որ հատակագծով նախատեսված ավանի մուտքից հուշարձան տանող հատուկ ճառագայթաձև փողոցը թողնվել է մասամբ անավարտ»: Հատակագծի հարավային մասում երևում է եռանկյունաձև ուրվագիծ ունեցող Գառնիի պատմական մասը: