Ավանի տաճարի վերակազմության տարբերակ հյուսիսային և հարավային խաչաթևերի միաթեք ծածկով

Տիրան Մարությանը իր «Ավանի տաճարի վերակազմության նոր տարբերակի մասին» անտիպ հոդվածում գրում է. «Երբ «Ավանի տաճարը» մենագրությունը վերաշարադրում էի դիսերտացիա դարձնելու համար, ձեռքի տակ եղած նյութերը վերանայելիս, բավարար հիմքեր ունեցա ենթադրելու, որ Ավանում, թերևս երկար ճակատների վերևում ճակտոններ չեն եղել»: Վերակազմության կարևոր առանձնահատկությունն է հյուսիսային և հարավային ճակատների երկթեք ֆրոնտոնների փոխարինումը միաթեք ծածկերով, ինչպես նաև երկրորդական գմբեթների տեղադրությունը եկեղեցու պատերի շարունակության վրա: Վերակազմության արևմտյան և հյուսիսային ճակատները առաջին անգամ տպագրվում են Տ. Մարությանի «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери…» մենագրության մեջ (1989 թ.): Հեղինակը վերակազմության այս տարբերակին անդրադառնում է նաև առանձին հոդվածով (Кафедральный храм в Аване. – “Звартноц”, 1991, N 8-9, с. 54-56), որտեղ ներկայացվել են տաճարի աքսոնոմետրիկ տեսքը, հատակագիծը և հատակագիծը գմբեթների մասում: Հյուսիս-հարավ ուղղությամբ կտրվածքը հրապարակվում է առաջին անգամ: