Հյուսիսային ճակատ (վերակազմությունը՝ Տիրան Մարությանի)
Հատակագիծ (վերակազմությունը՝ Տիրան Մարությանի)
Գառնիի անտիկ տաճարին կից VII դարում կառուցվում է Սուրբ Սիոն եկեղեցին: Համաձայն 1346 թ. գրված հիշատակարանի այն կառուցել է Կաթողիկոս Ներսես Գ Տայեցի Շինարարը 659 թ., ով կառուցել է նաև Զվարթնոց տաճարը Էջմիածնի մոտակայքում: Խաչաձև քառաբսիդ հորինվածքով եկեղեցին պարփակված է 24 նիստանի, գրեթե բոլորակ ծավալի մեջ: Խաչաթևերի անկյուններում մեկական ավանդատուն է:
Ըստ ճարտարապետ Տիրան Մարությանի, Սուրբ Սիոն եկեղեցու կառուցողը (ում անունը պատմությունը չի պահպանել) մեծ վարպետությամբ է մոտեցել գործին՝ նախկին հեթանոսական տաճարի կողքին կառուցելով քրիստոնեական եկեղեցի, որը չափերով մեծ է իր հարևան կառույցից, սակայն միաժամանակ չի նսեմացնում այն: Եկեղեցու բոլորակ հորինվածքը հնարավորություն է տվել ամբողջությամբ չծածկել հեթանոսական տաճարի արևմտյան ճակատը: Եկեղեցու հիմնական բազմանիստ ծավալի քիվի բարձրությունը պահված է հեթանոսական տաճարի քիվի բարձրությանը հավասար, նրա ծածկի թեքությունը նույնն է ինչ հեթանոսական տաճարինը:
Նման հորինվածքով հայտնի է ևս երկու հուշարձան՝ Խծկոնքի վանական համալիրի Սուրբ Սարգիս եկեղեցին (1025 թ.) և Մարմաշենի վանական համալիրի բոլորակ եկեղեցին (X-XI դդ.):
Գառնիի Սուրբ Սիոն եկեղեցու մասին ավելի մանրամասն տե՛ս Տիրան Մարության, «Գառնիի բոլորակ տաճարի առանձնահատկությունները», Հայաստանը և Քրիստոնյա Արևելքը, պատ. խմբ. Պ. Մ. Մուրադյան, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2000, էջ 217-225:
Խծկոնքի Սուրբ Սարգիս եկեղեցի (լուս.՝ Սամվել Կարապետյանի)
Դրվագ Մարմաշենի բոլորակ եկեղեցուց
«Պատուհան դեպի անցյալ»
2023 թ. Գառնիի ամրոցի տարածքում կյանքի է կոչվում «Պատուհան դեպի անցյալ» նախագիծը, որն այցելուներին հնարավորություն է ընձեռում տեսնել Սուրբ Սիոն եկեղեցին իր նախնական տեսքով: Նախագիծը իրականացվել է «Երկիր և Մշակույթ» կազմակերպության կողմից, «Դեպի Հայք» հիմնադրամի դրամական օժանդակությամբ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ:
Ճարտարապետ – Տիգրան Մարության:
Գաղափարի հեղինակ և նախագծի կառավարում – Վլադիմիր Արեշյան:
Նախագիծը նվիրվում է ի հիշատակ բոլոր հայ ճարտարապետների: