Բնակելի շենք Երևանում, Մոսկովյան փող. 8
Կառուցվել է 1950-57 թթ.՝ Հայհիդրոնախագիծ ինստիտուտի աշխատակիցների համար: Դեպի Օղակաձև զբոսայգի նայող գլխավոր ճակատի վերին հարկը մշակված է զույգ կիսասյուներով և պարզ խորանարդաձև խոյակներով ձևավորված կամարաշարով: Ճակատի կենտրոնում բացվում է բարձր թաղածածկ դալանը, որի երկու կողմերում՝ առաջին հարկի հասարակական մասում, անցնում է լայնաթռիչք բազալտաշեն սյունակամարաշար՝ պատի հաստության մեջ աստիճանաբար խորացող և շեշտված պայտաձևությամբ կամարներով: Կողային ճակատների (Մոսկովյան և Իսահակյան փողոցների կողմից) առաջ եկած հատվածները իրենց քիվի բարձրությամբ, երեսապատման տեսակներով (առաջին երկու հարկերը՝ քրքատաշ բազալտով, վերին հարկերը՝ ֆելզիտով) համապատասխանեցված են հարևանությամբ գտնվող Մաշտոցի 48 շենքին («Արտիստների» տուն): Անկախության տարիներին շենքի վրա կատարված ձևախեղումների մասին տե՛ս «Գաղտագողի, բայց քանդում են. բաց նամակ ՀՀ քաղաքաշինության հարգելի նախարար Դավիթ Լոքյանին», Առավոտ, 16 փետրվարի 2002 թ. հոդվածը, ինչպես նաև «Անհանդուրժելի անտերություն», 3 դեկտեմբերի 2001 թ. անտիպ հոդվածը: