Վերին Արտաշատ

Գյուղը նախագծվել է 1935 թ.՝ ճարտարապետ Գ. Քոչարի համահեղինակությամբ: Գյուղի շառավղային փողոցները կապում են բնակելի թաղամասերը կենտրոնական շրջանաձև ուրվագծով հրապարակին: Տ. Մարությանի ինքնակենսագրական հուշերում կարդում ենք. «1935 թ. մի քանի ամիս աշխատեցի նշանավոր ճարտարապետ Գևորգ Քոչարի «Գիպրոգորի» նրա արվեստանոցում, որպես ճարտարապետի օգնական (դիպլոմ դեռ չէի պաշտպանել)։ Այդտեղ Գ. Քոչարի հետ լինելով համահեղինակ, նախագծեցի Արտաշատի շրջանի Գյոդակլու (հետագայում՝ Մարտիկյան, ապա Այգավան) և Վերին Արտաշատ կոլտնտեսային գյուղերի գլխավոր հատակագծերը։ Ինձ համար տպավորիչ էր, երբ Քոչարը Մրգա­վանի իմ մշակած հատակագծում ավելացրեց գյուղի գլխավոր մուտքի աջ ու ձախ թեքադիր երկրորդական մուտք-ճանապարհները. այդ ռացիոնալ էր աջ ու ձախ թաղամասերը գնացողների համար։ Նույնպիսի զգացում ունեցա, երբ Արտաշատի հատակագծում գյուղի գլխավոր մուտքը թեքությամբ ուղղեց դեպի գլխավոր հրապարակ։ Այդ կարծես թե հիշեցնում էր Երևանի գլխավոր հատակագծում Թամանյանի Հյուսիսային պողոտայի մի հատվածը՝ հրապարակի մոտից մինչև Թատերական հրապարակը»: