Արգել (նախկին՝ Լուսակերտ)
Բնակավայրը հիմնադրվել է 1947 թ.՝ որպես Գյումուշ (այժմ՝ Արգել) ՀԷԿ-ի բանվորական ավան: Հայտնի է, որ բանավանի Լուսակերտ անունը առաջարկել է հեղինակ ճարտարապետը՝ Տ. Մարությանը: Անվանակոչման տարբերակ է եղել նաև Լուսաբերդը (ինչպես գրված է գլխավոր հատակագծի գծագրում): Հատակագծի հիմքում ուղղանկյուն և շառավղային փողոցային ցանցերի զուգակցումն է: Շառավղային փողոցների կենտրոնից բնակավայր մտնող ճանապարհին ուղղահայաց ձգվում է ավանի գլխավոր ճանապարհը, որն ավարտվում է ուղղանկյուն հրապարակով: Այդ հրապարակի գլխավոր շենքը բանավանի ակումբն է, որի աջ և ձախ կողմերում ճաշարանի և կենցաղ սպասարկման շենքերն են: Բանավանի հարավ-արևմտյան եզրում Արգել ՀԷԿ-ի վարչության շենքն է, որից քիչ հեռու հետագայում կառուցվում է աղբյուր-հուշարձան: Տ. Մարությանի նախագծով, բացի վերոնշյալ շենքերից, կառուցվել են նաև ավանի բնակելի տները, հիվանդանոցը և այլ բնույթի շենքեր: