Աղբյուր-հուշարձան Վանաձորում

Կառուցվել է 1944-45 թթ.՝ այն ժամանակ դեռ Ղշլաղ (Ժդանովո) գյուղում (այժմ՝ Վանաձորի Տավրոս թաղամաս): Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված առաջին աղբյուր-հուշարձաններից է (Ռ. Իսրայելյանի Փարաքարի աղբյուր-հուշարձանից հետո): Ստ. Մնացականյանի «Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը» գրքում (1956 թ.) կարդում ենք. «Աղբյուր-հուշարձանների մեջ իր ընդհանուր ձևերով և դասավորությամբ, իդեական նպատակասլացությամբ յուրահատուկ տեղ է գրավում Ժդանովո գյուղում (Կիրովականի շրջան) ճարտ. Տ. Մարությանի նախագծով կառուցված հուշարձանը, որը զետեղված է աստիճանաձև պատվանդանի վրա և գտնվելով գյուղի հրապարակում, դիտվում է բոլոր կողմերից: Հետաքրքիր և ազդեցիկ են մշակված գլխավոր ճակատի աստիճանաբար մեծացող խորշերը և ճակտոնի ներքևում տեղավորված դափնյա պսակը: Կառուցվածքը մշակված է պարզ, լակոնիկ էլեմենտներով, այն չի ծանրաբեռնված զանազան զարդաքանդակներով և իր ընդհանուր կոմպոզիցիայով պատկանում է այս տիպի կառուցվածքների մեջ առավել հաջողված հուշարձանների թվին»: Հետագայում՝ նոր ճանապարհի շինարարության հետևանքով, աղբյուր-հուշարձանի պատվանդանը մնացել է ասֆալտի շերտի տակ: Ճարտարապետի դիմումները հուշարձանների պահպանության մարմիններին և այլ գերատեսչություններին հուշարձանի տեղափոխման և վերականգման համար այդպես էլ մնացին անհետևանք: