Բանակի տաճարը

Տ. Մարությանը կազմել է Բանակի եկեղեցու վերակազմության նախագիծը, անդրադարձել է նրա կառուցման ժամանակին, շինարարական հետագա փուլերին, եկեղեցու համաչափական վերլուծությանը և տեղին՝ զվարթնոցատիպ հուշարձանների շարքում: Ի սկզբանե Տիրան Մարությանը նախատեսում էր առանձին մենագրություն հրատարակել՝ նվիրված Տայք նահանգի զվարթնոցատիպ Բանակ եկեղեցուն, սակայն հետագայում հետազոտության շրջանակների մեջ ընդգրկվեցին նահանգի ողջ հայտնի ճարտարապետական կոթողները և 1972 թ. լույս տեսավ «Տայքի ճարտարապետական հուշարձանները» գիրքը: Հրատարակվելուց անմիջապես հետո, սակայն, գրքի ողջ տպաքանակը ոչնչացվեց խորհրդային իշխանությունների հրահանգով (փրկվեցին միայն եզակի օրինակներ): Այնուամենայնիվ Տ. Մարությանին հաջողվեց 1978 թ. հրատարակել Տայքի ճարտարապետությանը նվիրված «Հայ ճարտարապետության հուշարձաններ. Խորագույն Հայք» (Տայք նահանգի բյուզանդական անունը) վերտառումով մենագրությունը: Բանակի եկեղեցու մասին տես նաև «Վերակազմության վեց նախագիծ մեկ տաճարի համար», Բանբեր Երևանի համալսարանի, 1980, թիվ 3, էջ 96-109, «Banak: Six Projects for its Reconstruction», Armenian Studies in Memoriam Haig Berberian, 1986, էջ 517-546: