Բաց ենթակայան

Կառուցվել է 1952 թ.: Բաց ենթակայանը գտնվում է ՀԷԿ-ի գլխավոր շենքից որոշ հեռավորության վրա՝ Հրազդան գետի հանդիպակաց աջ ափին: Այն գետից անջատված է բարձր քրքատաշ բազալտե հենապատով: Մեկ այլ՝ ավելի բարձր հենապատով, ենթակայանը անջատված է արևմտյան լանջից: Ենթակայանը գլխավոր շենքի վերին հարկի հետ կապված է մետաղական կամրջակով: Առավել նշանակալից են ենթակայանի հարավային և հյուսիսային մուտքերը: Հաղթակամարի հորինվածք ունեցող, լայնաթռիչք կամարակապ բացվածքով հարավային շքամուտքը կառուցված է «ծեծած» (бучарка) բազալտ քարով և ավարտվում է պարզ տրամատով քիվով: Հյուսիսային մուտքը ավելի փոքր չափերի է, ձգված համաչափություններով և երկթեք գագաթով: Նրա բացվածքի կամարը հենված է պարզ խորանարդաձև խոյակներով որմնասյուներին: