Գլխավոր գեներատորների շենքը
Նախագծվել և կառուցվել է 1941-53 թթ. ընթացքում: Ճակատների ձևավորման հիմնական տարրը հանդիսացել են բարձր ձգված պատուհանների շարքերը՝ իրենց աստիճանաբար լայնացող կամարաձև բարավորներով: Շենքի ճարտարապետության և մասնավորապես վերոնշյալ մոտիվի մասին Տ. Մարությանը իր ինքնակենսագրական հուշերում գրում է. «1940 թվականից աշխատանքի անցնելով Թբիլհիդէպի Երևանի բյուրոյում, սկսեցի մշակել Գյումուշ հէկ-ի գլխավոր շենքի ճարտարապետական նախագիծը, դրանում էլ մշակեցի պատուհանների բացվածքների կիսակլոր, աստիճանաբար լայնացող բարավորների մոտիվը։ Կիսաշրջագծերի կենտրոնների բարձրացնելու ճիշտ չափը գտնելու նպատակով, առաջին փորձը կիրառեցի Նոր Բայազետի փոքր հէկ-ի նախագծում, արդյունքը տեղափոխեցի Գյումուշ հէկ։ Ճարտարապետական այս մոտիվը ևս մինչ իմ հորինելը ոչ ոքի կողմից չէր կիրառվել։ Հետագայում կիրառում գտավ մեր ճարտարապետներից շատերի՝ Ս. Գուրզադյանի ու Մ. Ալեքսանյանի մոտ (Էջմիածնի լայնէկրան կինոյի շենքում), Ռ. Իսրայելյանի մոտ (Վ. Լենինի թանգարանի մրցութային նախագծում՝ գլխավոր մուտքը), նաև Ապարանի ճակատամարտի հուշարձանում (աջակողմյան խորշը), Գ. Թամանյանի մոտ (Մաշտոցի պողոտայի հարավ-արևմտյան վերջավորության աջակողմյան վեց հարկանի շենքի ճակատի կենտրոնը), Է. Սարապյանի մոտ (Էրեբունի հյուրանոցի երկրորդ մասնաշենքի մուտքը), Օ. Դոխիկյանի ու Լ. Հովհաննիսյանի մոտ (Մամուլի բազմահարկ շենքի շքամուտքը), Ս. Սաֆարյանի մոտ (կառավարական երկրորդ շենքի գլխավոր պուրակին ուղղված ճակատում), Չարենցավանի գլխավոր հրապարակի երկու շենքերում և էլի ուրիշների մոտ որոշակի վերամշակումներով»։ Առանձնահատուկ հարուստ է մշակված շենքի ինտերիերը: Մեքենայական սրահը առատորեն լուսավորվում է երկայնական պատերի բարձր կամարաձև վերջավորությամբ պատուհաններով: Կրող որմնասյուները և պատերը՝ մինչև ամբարձիչի համար հենարան ծառայող հեծանների նիշը, երեսպատված են մարմարով: Ամբարձիչի հեծաններից վերև պատերը ներկված են եղել սպիտակ գույնով (վերանորոգումից հետո գույնը փոխվել է): Պատերը ավարտվում են բարձր հյուսածո քիվով: Առանձնակի հարուստ են մշակված առաստաղի լուսամփոփների գիպսե շրջանակները: Տ. Մարությանի «Ինչու՞ չկործանվեց Արգել ՀԷԿ-ը» հոդվածում կարդում ենք. «Թբիլհիդէպում էին մշակվել գլխավոր շենքի նաև կառուցվածքները, այդ թվում՝ ծածկը կրող, մեծ հզորության սյուներն ու հեծանները: Այդ նախագծով բոլոր կրող և կրվող տարրերը նախատեսված էր մետաղական կոմպլեկտավորված անկյունակներով ու հեծաններով: Շինարարներն այդպես էլ կառուցեցին: Այդ հսկա սրահը սարսափելի տպավորություն էր թողնում, մետաղակույտերի համակարգ էր: Ահա այստեղ էր, որ առաջարկեցի բոլոր տարրերը՝ սյուներ, հեծաններ, ծածկեր՝ լցնել բետոնով և ապա մարմարով սալապատել: Անհավատալի էր, բայց շինարարները դրան հավանություն տվին: Հետագայում պարզվեց, որ գործի հետ կապված մասնագետները թերահավատ էին արդեն իսկ կառուցված մետաղական կմախքի նկատմամբ: Այսպիսի կառուցվածքը կոչվում է «կոշտ երկաթբետոն»»: Հարուստ մշակում ունի նաև կառավարման վահանակի սենյակը: Այստեղ պատերը զարդարված են պատի հարթությունից փոքր-ինչ առաջ ընկած գիպսե նախշազարդ հարթություններով: Սենյակի ջահը նույնպես պատրաստվել է Տ. Մարությանի նախագծով: Արգել ՀԷԿ-ի ճարտարապետությունը բարձր գնահատականի է արժանացել ժամանակակիցների շրջանում, մասնավորապես Վ. Վ. Բլոխինը իր «Композиция в промышленной архитектуре» գրքում գրել է. «Արդյունաբերական ճարտարապետության մեջ կրող պատի տեկտոնիկ տրամաբանության դրսևորման հորինվածքային հնարքների որոշ մասի իրականացման օրինակ կարող են ծառայել, մասնավորապես, Գյումուշ ՀԷԿ-ի շենքը (ճարտ.՝ Տ. Մարության) ... : Անհրաժեշտ է նշել, որ այդ արդյունաբերական օբյեկնտների ճարտարապետության մեջ, որոնց ճակատների հորինվածքում օգտագործված են ժողովրդական ճարտարապետության մոտիվներ, քարակերտ կրող հոծ պատի տեկտոնիկ տրամաբանությունը արտահայտված է մեծ վարպետությամբ»: Տպավորված լինելով Արգել ՀԷԿ-ի ճարտարապետությամբ, այն այցելած Մեծ Բրիտանիայի ատոմային էներգիայի վարչության նախագահ Ռոջեր Մեյկինգը գրել է. «Ձեր հիդրոկայանները զարդարում են Հայաստանի բնությունը»: