Երիտասարդական պալատի մրցութային նախագիծ՝ Երևանում
Հավանաբար 1958 թ. հայտարարվել էր մրցույթ Երևանում երիտասարդության պալատի շենքի նախագծի համար: Այն նախատեսվում էր կառուցել այն ժամանակվա «Գրքի պալատի» շարունակության վրա՝ այժմյան Տերյան, Իսահակյան, Գ. Քոչար փողոցների խաչմերուկում: «Հիդրոշինարար» թերթում մրցույթի և այս մրցույթին ներկայացված նախագծի մասին կարդում ենք. «Ավարտված է նախագծի կազմելու համար հայտարարված մրցանակաբաշխությունը, որի համար ներկայացված է 13 աշխատանք: ... Ստորև տպագրված են այդ աշխատանքներից «33» դեվիզով նախագծի գլխավոր ճակատը և հատակագիծը: Այս նախագիծը ցուցահանդեսում մյուս նախագծերից տարբերվում է նրանով, որ այստեղ զգացվում է ազգային կոլորիտը: Գլխավոր ճակատի մշակման մեջ օգտագործված են մեր պատմական ճարտարապետության հարազատ մոտիվները, որոնք շենքին տալիս են ջերմ և հանդիսավոր տպավորություն: ... «33» դեվիզով նախագծում դահլիճը տեղավորված է բակում, բացարձակ լռության պայմաններում, իսկ բուն դահլիճը նախատեսված է մոտավորապես Մոսկվայի նոր համալսարանի հանդիսասրահի, Լուժնիկի սպորտի պալատի դահլիճի նման, որ միաժաման հիշեցնում է Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճը: Առանձնահատուկ է այն, որ դահլիճի երեք կողմերում նստարանները ամֆիթատրոնի ձև ունեն, իսկ կենտրոնում պարտերի ձև: Անհրաժեշտության դեպքում պարտերը նստարաններից ազատելով, հնարավոր է դառնում դահլիճի օգտագործումը, որպես մեծ պարասրահ կամ ընդունելության, ճոխ ճաշկերույթի տեղ: Կողքերի ամֆիթատրոնը, երկրորդ հարկի նույնանման բալկոնը, ծառայում են պարահանդես դիտողների համար: Այս նախագծի դրական կողմերից է նաև նրա գլխավոր մուտքի տեղադրումը, այցելուների շարժման գրաֆիկի պարզ լուծումը, ինչպես նաև պալատի բոլոր մասերի առանձին-առանձին խմբավորումը և միաժամանակ նրանց հաջող կապը միմյանց հետ»: