Ջվարիի Սբ. Խաչ եկեղեցի
Ճարտարապետը խորազննին վերլուծության է ենթարկել եկեղեցու ճարտարապետական հորինվածքը, շինարարական փուլերը, կառուցման ժամանակը, համաչափությունները. հայկական արձանագրությունները և կառուցողներին, ինչպես նաև հուշարձանի տեղը Ավան-Հռիփսիմեատիպ եկեղեցիների շարքում: Տիրան Մարությանը վերակազմել է սբ. Խաչ եկեղեցու նախնական հատակագիծը և արտաքին տեսքը՝ ցույց տալով չորս ավանդատների հետագայում կառուցված լինելը: Ջվարիի սբ. Խաչ եկեղեցուն Տիրան Մարությանն անդրադարձել է 1976 թ. հրատարակված «Ավանի տաճարը» գրքում (էջ 122-149), այնուհետև, ավելի մանրամասն «Հայ դասական ճարտարապետության ակունքներում» մենագրության մեջ (2003 թ., էջ 105-148): Առաջին անգամ հուշարձանին անդրադարձել է ««Գիրք թղթոցն» ու Մցխեթայի խաչը», Գիտություն և տեխնիկա, 1968, թիվ 5, էջ 44-52 հոդվածում: